(սկիզբը` այստեղ)
ՋՈԶԵՖ ՌԵԴՅԱՐԴ ԿԻՊԼԻՆԳ (1865-1936)
Անգլիացի վիպասան և բանաստեղծ: 1907 թ. Կիպլինգին շնորհվեց գրականության Նոբելյան մրցանակ: Նրա մասոնության մասին հաղորդում է Ջոզեֆ Գամբերինին. «Մասոն է ձեռնադրվել 1886 թ. Հնդկաստանի Փենջաբ նահանգի Լահոր քաղաքում, «Հույս և համառություն» № 782 լոժայում: Իր լոժան Կիպլինգը փառաբանել է «Մայրական գիրկ» բանաստեղծության մեջ, որ տպագրվել է 1896 թ. «Յոթ ծովերում»: Կարևոր է ընդգծել, որ Կիպլինգին ձեռնադրել է հնդիկ Հարգարժան Վարպետը, իսկ ենթավարպետի աստիճան ստացել է մահմեդական Հարգարժան վարպետից, Վարպետի աստիճան ստացել է անգլիացու ձեռքով հրեա կարգադրիչի ներկայությամբ: Ունիվերսալիզմի ձգտումը Կիպլինգի ստեղծագործության հիմնական բնութագրական գիծն է: Հետագայում Ջոզեֆ Ռեդյարդ Կիպլինգը դարձավ Բենգալիայի նահանգի Ալլահաբադ քաղաքի «Ֆիլանտրոպիա» № 391 լոժայի անդամ, փոխադրվելով Անգլիա` ինքը հիմնեց «Շինարարների» № 4948 լոժան, հետո նաև` «Արարիչների» № 3456 լոժան: Կիպլինգը դարձավ Էդինբուրգի հնագույն «Քենոնգեյթ Քիլվինինգ» լոժայի անդամ, որը 1787 թ. դափնեկրի աստիճան էր տվել Շոտլանդիայի ազգային բանաստեղծ Ռոբերտ Բյոռնսին:
ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ (1861-1941)
Հնդիկ գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր: Թագորը պատմության մեջ մտավ իբրև Հնդկաստանի մշակույթի բարենորոգիչ` հանդես գալով իբրև հոգեկան փորձի իմաստավորման պոզիտիվիստական հայեցակարգի ջատագով: Նրա գործունեության շնորհիվ հինդուիստական մշակույթի ավանդական մոնիզմը հարստացվեց արևմտյան աշխարհընկալմամբ` աշխարհաճանաչողության խորությամբ /ի հակադրություն դասական պատկերացումների իբրև պատրանքի/ և Աստծո անձնական նշանակության առաջնայնությամբ /հինդուիստական ավանդական պատկերացման փոխարեն, որ հիմնված է աշխարհում բրահմանի ներկայության վրա, այսինքն` բացարձակապես անանձանական սկզբի/: Ռաբինդրանաթ Թագորը մասոն է դարձել երիտասարդության օրերին: 1924 թ. շոտլանդական կարգի Գերագույն Խորհուրդը նրան պատվավոր պարգևի է արժանացրել, որ հանձնել են երկու եղբայր մասոններ:
ՅԱՆ ՍԻԲԵԼԻՈՒՍ (1865-1957)
Նշանավոր ֆին կոմպոզիտոր: Սիբելիուսը փառաբանել է ֆիննական բնությունը և երաժշտություն է գրել «Կալևալա» ազգային էպոսի մոտիվներով: Երաժշտարվեստի պատմաբանները ընդունել են Սիբելիուսի գործիքավորման նշանակալից տաղանդը և 7 սիմֆոնիաների գեղագիտական արժանիքները: Սիբելիուսը Հելսինկիի «Սուոմի» № 1 լոժայի հիմնադիրներից է: Հետագայում նա եղել է Ֆինլանդիայի Մեծ լոժայի գլխավոր կազմակերպիչը: 1927 թ. Սիբելիուսը գրել է 9 վոկալ և գործիքային կոմպոզիցիաներ, որ հավաքվել են մեկ ընդհանուր «Մասոնական երաժշտություն ծեսերի համար» անվան տակ: Մասոնների շրջանում տարածման համար պարտիտուրան առաջին անգամ տպագրվել է 1936 թ.: Երկրորդ հրատարակությունը եղել է 1950 թ.` փոփոխված և լրացված հեղինակի ձեռքով, այդ թվում հանրահայտ «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմով, որ ուղեկցվում է մասոնական տեքստով:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՖԼԵՄԻՆԳ (1881-1955)
Անգլիացի բժիշկ և միկրոկենսաբան, պենիցիլինի հայտնագործողը: Ֆլեմինգը եռանդուն մասոն էր: Մի հատված նրա մասոնական կենսագրությունից. «Անգլիական մի քանի լոժաների անդամ, «Գթասրտություն» № 3286 լոժայի Հարգարժան վարպետ 1935 թ., հետո նրա գանձապահ: 1925 թ. Ֆլեմինգը դառնում է «Սուրբ Մարիայի» № 2682 լոժայի Հարգարժան Վարպետ, ապա` քարտուղար: 1942 թ. Ֆլեմինգը ընտրվում է Անգլիայի Մեծ լոժայի Առաջին մեծ դիակոն: Նա շոտլանդական ծիսակարգի 30-րդ աստիճան ուներ:
ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՌՈՒԶՎԵԼՏ (1882-1945)
ԱՄՆ-ի 32-րդ նախագահ, որ պաշտոնում ընտրվել է չորս անգամ: Ռուզվելտը մասոն է ձեռնադրվել 1911 թ. հոկտեմբերի 10-ին Նյու Յորքի № 8 «Հոլադիա» լոժայում: Նա հասել է շոտլանդական ծիսակարգի 32-րդ աստիճանին և եղել է Նյու Յորքի Մեծ լոժային կից Ջորջիա նահանգի մեծ լոժայի ներկայացուցիչ: Յալթայում Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը քննարկում էր աշխարհի հետպատերազմյան կառուցվածքը մեկ այլ մասոնի` սըր Ուինստոն Չերչիլի (մասոն է դարձել 1901 թ. մայիսի 24-ին Լոնդոնի № 1591 «Ստուդհոլմ» լոժայում) և Ստալինի հետ, որ ոչ մի համակրանք չուներ օրդենների նկատմամբ:
ՆԵՏ ՔԻՆԳ ՔՈՈՒԼ (ՆԱԹԱՆԻԵԼ ԱԴԱՄ ՔՈՈՒԼ, 1919-1965)
Ջազային երգիչ և դաշնակահար: Տևական անհայտությունից հետո փառքի է հասել 1937 թ. հիմնադրված հանրաճանաչ ջազային եռյակի շնորհիվ: Տաղանդը և երաժշտական ստեղծագործության նորարարությունը նրան արժանացրել են հանդիսատեսի սիրուն: Նա Լոս Անջելեսի «Թոմաս Ուալեր» № 49 լոժայի անդամ էր, որ մասոնական նեգրական «Փրինս Հոլ» կազմակերպության կազմում էր:
ՍԱԼՎԱԴՈՐ ԱԼԻԵՆԴԵ (1908-1973)
Չիլիի նախագահ Ժողովրդական միասնության կառավարման շրջանում, զոհվել է հեղաշրջման հետևանքով: Նրա նախագահության օրոք ազգայնացվեց Չիլիի պղնձարդյունաբերությունը, որ Սալվադոր Ալիենդեն համարում էր «Չիլիի գանձարան» և սկսվեց ագրարային բարենորոգոմը: Ալիենդեն չէր թաքցնում իր մասոն լինելը և հրապարակավ հայտարարեց նշանավոր հարցազրույցում Ռեժի Դեբրիին, որ տպագրվեց «Չիլիական ճանապարհ»-ում: 1972 թ. իտալական «Մասոնության տեսությունը» հաղորդեց այն ընդդիմության մասին, որ հարուցել էր Ալեինդեի քաղաքականությունը չիլիացի մասոնների միջավայրում` պահպանողական մասոնները պահանջում էին դատապարտել եղբայր Ալիենդեի գործունեությունը:
ՋԵՐԱԼԴ ՌՈՒԴՈԼՖ ՖՈՐԴ (1913)
ԱՄՆ-ի նախագահ, որ հաջորդեց Ռիչարդ Նիքսոնին: Ֆորդը մասոն է դարձել Միչիգանի նահանգի «Մալթա» № 465 Գրանդ Ռապիդի լոժայում 1949 թ. սեպտեմբերի 30-ին: 1962-ին Ջերալդ Ֆորդը ստացավ շոտլանդական ծիսակարգի 33-րդ աստիճան:
ՄԻՔԱՅԵԼ ԴԵ ԲԵՅԿԻ (1918)
Ժամանակակից կարդիովիրաբուժության հիմնադիր, այդ ոլորտում առավել առաջավոր մեթոդներ ներդնող բժիշկ, որ միջազգային ճանաչում ու հեղինակություն է վայելում: Անդամ է Նյու Յորքի «Ուտիկա» № 47 լոժայի:
ԷԴՎԻՆ ՕԼԴՐԻՆ (1930)
Աստղագնաց, երկրորդ երկրաբնակը, որ ոտք է դրել Լուսնի վրա:
Պատրաստվելով թռիչքին, Էդվին Օլդրինը ասաց բառեր, որ համակված էին մասոնական խոր իմաստով. «Օգտվելով առիթից խնդրում եմ բոլորին, որ հիմա լսում են ինձ, որտեղ էլ գտնվեն նրանք, մտածել և գիտակցել այն, ինչ կատարվում է այս ժամերին, երախտագիտությամբ դիմեն նրան, ում մարդը հավատում է և այնպես, ինչպես հավատում է»: Էդվին Օլդրինը Վարպետ մասոն է դարձել 1956 թ. փետրվարի 21-ին Նյու Ջերսիի «Մոնտկլեր» № 144 լոժայում: 1971 թ. պարգևատրվել է Նյու Յորքի Մեծ Լոժայում:
Մասոն են և աստղագնացներ Շիրան, Կուպերը, Միտչելը, Ստաֆորդը:
ՖՐԱՆՉԵՍԿՈ ՄԱՐԻՈ ՊԱԳԱՆՈ (1748-1799)
Փիլիսոփա լուսավորիչ և քաղաքական գործիչ, 1799 թ. Պարթենոպենյան ժողովրդավարական սահմանադրության հեղինակ, դատապարտվել է մահվան կառափնարանի վրա: Ֆրանչեսկո Մարիո Պագանոն Նեապոլի «Ֆիլանտրոպիա» լոժայի Հարգարժան Վարպետ էր 1786 թվականից:
ՎԻՆՉԵՆՑՈ ՄՈՆՏԻ (1754-1828)
Բանաստեղծ, որ գրում էր նորդասական ոճով, «Իլիականի» թարգմանիչ: 1806 թ. հոկտեմբերի 5-ին Միլանի «Էուջենիո» լոժայում կարդացել է իր նշանավոր «Ճշմարտության ապաստան» պոեմը: 1807 թ. Միլանի «Ռեալե Աուգուստա» լոժայի Ենթավարպետ էր:
ԼՈՒԻՋԻ ՔԵՐՈՒԲԻՆԻ (1760-1842)
Նշանավոր կոմպոզիտոր: Լուիջի Քերուբինին շատ օժտված երաժիշտ էր, նրա գրչին են պատկանում ոչ միայն օպերաներ, այլև 6 կվարտետ, կանտատներ, սիմֆոնիաներ և 4 մեսսա: Լուիջի Քերուբինին Ֆրանսիայի Մեծ Արևելքի «Սեն Ժան դե Պալեստին» լոժայի անդամ էր, երկար ապրել է Ֆրանսիայում և եղել է Փարիզի կոնսերվատորիայի ռեկտորը:
ՋԱՆԴՈՄԵՆԻԿՈ ՌՈՄԱՆԻՈԶԻ (1761-1835)
Լուսավորության դարաշրջանի իրավաբան և փիլիսոփա: Ջանդոմենիկո Ռոմանիոզին զարգացրել է Ֆիլանջերիի և Բեքարիայի ուսմունքը, որ հիմնավորում էր օրենսդրության հումանիտար բարենորոգման անհրաժեշտությունը: Ռոմանիոզիի երկերը կառուցված են մարդու ինտելեկտուալ գործունեության դետերմինիստական հայեցակարգի վրա, որ ըստ նրա, զարգանում է «բնության օրենքներով» և կախված չէ բացառապես մարդու հոգու հատկանիշներից: Ռոմանիոզիի գեղագիտական-քաղաքական հայացքները պրագմատիկ և ուտիլիտար բնույթ ունեին: Նա կարևոր պաշտոններ է ունեցել նապոլեոնյան դարաշրջանում: 1821 թ. նրան հետապնդել են ավստրիացիները իբրև կարբոնարի, արդարացվել է ապացույցների բացակայությամբ, ապրել է Միլանում: Ռոմանիոզին «Քրեական իրավունքի ծագումը» և «Բնական իրավունքի գիտության համառոտ դասընթացի» հեղինակն է, Միլանի «Ռեալե Ջուզեպինա» լոժայի անդամ էր և ընտրվել է Իտալիայի Մեծ Արևելքի գլխավոր հռետոր: Նա հասարակությանը մասոնական մի շարք կոչերի ու դիմումների հեղինակ է:
ՆԻԿՈԼՈ ՊԱԳԱՆԻՆԻ (1782-1840)
Կոմպոզիտոր և վիրտուոզ ջութակահար, որ առանձին է կանգնած ճանաչված դպրոցներից իր հանճարեղության բարձունքին: Պագանինիի անունը պատմության մեջ է մտել շնորհիվ ջութակի համար գրված պիեսների վիրտուոզ կատարման: Նա մեծ ներգործություն է ունեցել Բեռլիոզի ու Լիստի վրա: 1808 թ. դեկտեմբերի 27-ին Նիկոլո Պագանինին Իտալիայի Մեծ Արևելքի լոժայում կատարել է մասոնական հիմնը, որ գրել է Լանչետիի խոսքերով: Լոժայի արձանագրություններում հաստատված է նրա մասոն լինելը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ